Արմինֆո. Վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում բակերը, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Մեր ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը: Երեկ մենք կրկին՝ 665 նոր դեպք ենք հայտնաբերել, և մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, և մենք գիտենք դրա պատճառը: Պատճառը հետևյալն է՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, և մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով:
Գիտեք, որ պարետատունը որոշում է կայացրել, որ քաղաքացիները պետք է իրենց մոտ պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և ես ցանկանում եմ պարզաբանել, թե որն է այս որոշման նպատակը: Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում անձը, քաղաքացին չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսն ավելի երկար է տևում, որովհետև անհրաժեշտ է տանել ոստիկանության բաժին, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այդ միջոցը պարտադիր դարձվել է հենց այդ նպատակով, որպեսզի վարչական այս լծակն ավելի արդյունավետ գործի: Ընդ որում, մեր օրենսդրության տրամաբանությամբ՝ եթե քաղաքացին դիմակ չի կրում, և ոստիկանը մոտենում է նրան և արձանագրում, որ չունի նաև փաստաթուղթ, տվյալ դեպքում դա համարվելու է 2 առանձին վարչական իրավախախտում, և համապատասխանաբար 2 առանձին վարչական վարույթով է արձանագրվելու:
Հաջորդ խնդիրը հետևյալն է՝ մենք նաև արձանագրում ենք, համենայնդեպս այս պահին, մենք ունենք համոզվածություն, որ պետական բոլոր մարմինները կամ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր մարմինները հերթերի կարգավորման նոր կանոնները կամ հակահամաճարակային կանոնները ներդրել են պատշաճ ձևով: Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, այսինքն՝ ինչ-որ ձևով քաղաքացիների ընդունելություն են իրականացնում, պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում՝ ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս, եթե հերթ է գոյանում տարածքից դուրս՝ գծանշումներով և սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով:
Դրա հետ կապված համապատասխան հանձնարարական է ուղարկվել, բայց պետք է նաև վերահսկել, թե ինչքանով է դա տեղի ունենում: Ես կցանկանայի, որ բանկային համակարգն այս առումով ավելի նախանձախնդիր լիներ, որովհետև, ճիշտ է, բանկերի ներսում այդ կանոնը հենց սկզբից էլ պահպանվում է, բայց քանի որ քաղաքացիների մեծ հոսք է լինում, շատ կարևոր է, որ բանկերի դրսի հատվածում էլ լինի: Ընդ որում, մենք գիտենք, տեսել ենք նաև մի շարք շատ լավ օրինակներ, երբ բանկերը փայլուն կերպով լուծել են այդ խնդիրը: Բայց նաև մինչև այժմ էլ, հատկապես մարզային մասնաճյուղերից, մենք ստանում ենք տեղեկատվություն, լուսանկարներ, որ մարդիկ շարունակում են հին ձևերով հերթ կանգնել, այսինքն՝ իրար շատ մոտ հեռավորությամբ, չեմ ցանկանում ասել, որ իրար կիպ կանգնած: Այդ պրոբլեմը կա:
Հաջորդը՝ «Հայփոստ»-ը, որը, ըստ էության, նույնպես պետական ձեռնարկություն է, և այդ հանձնարարականի շրջանակում պետք է հստակ կատարվեն այդ պայմանները: Մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կենտրոնները, ոստիկանության անձնագրային բաժինները և վարորդական իրավունքների թողարկման կետերը, պետհամարանիշերի թողարկման կետերը՝ այդ բոլոր պետական մարմինների ղեկավարները պետք է իմանան - խոսքը ստորաբաժանումների ղեկավարների մասին է - որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար: Բայց, բացի սրանից, մեր վերլուծությունները ցույց են տալիս, և այդ վերլուծությունը կարծես ավելի համոզիչ է դառնում, որ մեր վարակի տարածման հիմնական աղբյուր են հանդիսանում կամ արեալ են հանդիսանում բակերը և մոտ հասցեները: Եվ այստեղ նույնպես մենք պետք է մեծացնենք մեր վարչական ազդեցության միջոցները, ինչքան էլ ռեսուրսները սահմանափակ են, և ձևավորվել են ոստիկանության և պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մասշտաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները:
Շատ կարևոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխատեսում է, որ առաջիկայում այդ գնանկումը կշարունակվի, և, ըստ էության, եթե ճիշտ եմ հասկացել Ձեզ, պարոն Գևորգյան, առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ դիմակը 60-70 դրամով ձեռք բերել այդ ապարատներից>,- ասել է Փաշինյանը։