Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Որոշումը, ըստ Դանիբեկյանի, կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում Վերաքննիչ դատարանում:
Նա նաեւ հաղորդել է, որ "Իզմիրլյան" բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել ՀՀ երկրորդ նախագահի վիրահատության մասին, ինչի պատճառով վերջինս չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաեւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ.մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու համար ։