Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է երկրում կորոնավիրուսային վարակի զարգացման նոր սցենարին: Այս մասին <Ազատություն> ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Նա նշել է, որ հնարավոր է, Հայաստանում գալու է մի օր, որ չենք էլ փորձելու թեթև և ասիմպտոմ դեպքերին նույնիսկ դրական պատասխան ունենալուց հետո հոսպիտալացնել կամ պահել հյուրանոցներում, այլ գնալու ենք միայն զուտ լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին բուժելու հետևից։ < Իհարկե, նման մեթոդն իր մեջ պարունակում է ռիսկեր, քանի որ մեծանում է տվյալ հիվանդի հարազատների վարակվելու հավանականությունը: Սակայն, սա առավել ընդունելի տարբերակն է. հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցում>,- նշել է Թորոսյանը ։
Առողջապահության նախարարի խոսքով ՝ Կորոնոավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են ։
<Ցավոք, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է>,- նշել է Թորոսյանը։ Առողջապահության նախարարի խոսքով ՝ նաեւ վարակման դեպքեր են տեղի ունենում բժշկական կենտրոններում ։ <Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի կանխենք վիրուսի տարածումը բժշկական կենտրոններում և պաշտպանենք մյուս հիվանդներին ։ Ցավոք, դեպքերի թվի ավելացումը կապված է այն հանգամանքի հետ, որ բացվել են միջմարզային և միջքաղաքային ճանապարհներ, որոշ տնտեսվարող սուբյեկտներ>,- ասել է նախարարը։ Նշենք, որ ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1808 դեպք ։ Նրանցից ապաքինվել է 848 մարդ, մահացել է 29 հիվանդ։