Արմինֆո. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը <Ազատություն> ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Խնդիրը կորոնավիրուսի վարակի տարածվածության ոչ միայն աշխարհագրական, այլև համաճարակաբանական բազմազանություն է ։
<Մինչ օրս մենք յուրաքանչյուր դեպքի հետևից գնում ենք, բայց գալու է մի օր, երբ մենք չենք կարողանալու դա անել, նաև իմաստ չի ունենալու փակել որևէ համայնք։ Այս պահին մեկուսացված է մոտ 2200 մարդ, մոտ 2000–ը դուրս է եկել մելուսացումից, մոտ 3000 մարդ ինքնամեկուսացված է>,- ասել է նա։ Արսեն Թորոսյանը նշել է, որ Էջմիածնի օջախը պրակտիկորեն մարված է։ Նրա խոսքով՝ մեկուսացման քաղաքականության արդյունքում է, որ այսօր չունենք հինգ կամ տասը հազար դեպք։
Հարցին, թե արդյոք համաճարակը հասել է իր պիկին, Թորոսյանը պատասխանել է․ <Գիտեք` այդ պիկ ասվածը շատ հարաբերական է, որովհետև կարող են լինել նաև պիկեր: Որպես օրինակ հիմա բերեմ: Ենթադրենք` վաղվանից մեր փաստացի բուժվողների թիվը 885-ից (այսօր ժամը 11-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ) ցածր լինի ասենք մոտակա մեկ շաբաթվա ընթացքում, մենք կարող ենք ասել, որ այսօր ունեինք պիկ: Բայց եթե դրանից հետո նորից սկսի աճել փաստացի բուժվողների քանակը, որովհետև ավելի քիչ քաղաքացիներ դուրս կգրվեն, եթե ավելի քիչ քաղաքացիներ դուրս գրվեն, և ավելի շատ քաղաքացիներ նոր դրական դեպքեր ունենանք, մենք նորից կունենանք աճ: Եվ հնարավոր չի կանխագուշակել, որևէ երկրում հնարավոր չի դա անել, երևի բացառությամբ Չինաստանի, որը սպեցիֆիկ դեպք էր` զուտ նեղ աշխարհագրական տարածքում կատարված գործողությունների առումով, հնարավոր չի կանխագուշակել` արդյոք չեն լինելու պիկեր, բազմաթիվ պիկեր մինչև կա՛մ սպեցիֆիկ դեղի, կա՛մ վակցինայի հայտնաբերումը, և կա՛մ բոլորի վարակվել և վարակի մարումը: Հետևաբար, ես չեմ ուզենա հիմա ասել, որ մենք անցել ենք կամ կանցնենք շուտով, անորոշություններն այնքան մեծ են այս վարակի հետ կապված, չնայած որ մենք շատ հաճախ զուգահեռներ ենք տանում այլ ռեսպիրատոր վարակների հետ, բայց շատ զգուշությամբ ենք այդ զուգահեռներն ամբողջությամբ պրոյեկտում, որովհետև շատ բան հայտնի չէ, որպեսզի ասենք` օրինակ, գիտեք` տաք ժամանակ մենք անպայման կունենանք նվազում և հետո կունենանք նորից ակտիվացում: Որպես օրինակ մնացած բոլոր ռեսպիրատոր վարակների` մենք կարող ենք օրինակ դա ասել, բայց շատ զգուշությամբ ենք դա ասում և պատրաստվում ենք ամեն դեպքում դրա չլինելուն, այսինքն` վատթարագույն սցենարին. բոլոր ռեսուրսները պահում ենք մշտական գործունեության մեջ, հիվանդանոցները մշտական պատրաստակամության մեջ, անձնակազմը մշտական պատրաստակամության մեջ, որպեսզի եթե օրինակ` մարում տեղի չունենա տաք սեզոնին, ինչպես մնացած բոլոր ռեսպիրատոր վարակների, մենք դա կարողանանք տանել, այդ բեռը տանել, բայց հույս ունենք, որ օրինակ դա տեղի կունենա: Ես չեմ ուզում` այդ հույսը վերածվի մեր վարքագծի նորից հետվերադարձի մինչկորոնավիրուսային ժամանակաշրջան, բայց այդ հույսը առնվազն մասնագիտական զուգահեռների արդյունք է: Հետևաբար, նորից եմ ուզում պատասխանել Ձեր հարցին` դժվար է ասել` երբ կլինի պիկ, և կլինի արդյոք այդ պիկը, որ մենք պատկերացնում ենք>։