Արմինֆո.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունները հիմնված են հայերի "սուբյեկտիվ պատմվածքի" վրա, որոնք փորձում են այն դոգմա դարձնել։ Թուրքիայի ԱԳՆ-ում այսպես են արձագանքել օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին, որում նա օգտագործել է "Մեծ Եղեռն" արտահայտությունը։
"ԱՄՆ ղեկավարի պնդումները նախատեսված են ներքաղաքական նպատակների հասնելու համար։ Մենք մերժում ենք այս հայտարարության մեջ ներկայացված պահանջները։ Թրամփի հայտարարության մեջ անտեսվել են հիշատակված շրջանում հայերի կողմից սպանված ավելի քան 500 000 մահմեդականների տառապանքները", - ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Ընդ որում, Անկարայում Սպիտակ տան ղեկավարին կոչ են արել հրաժարվել նման մոտեցումից, որն անարդար է եւ անազնիվ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ հիշեցրել են, որ 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը դեռեւս ուժի մեջ է: "Մենք հավատում ենք, որ ճշմարտությունը կբացահայտվի, եթե այդ հանձնաժողովը ստեղծվի։ Արմատապես տրամադրված հայերը ձգտում են այդ նախաձեռնությունը հանել օրակարգից՝ այդպիսով փորձելով պատմությունից ջնջել իրենց նախորդների պատասխանատվությունը 1915 թվականի իրադարձությունների համար։ ԱՄՆ վարչակազմը պետք է տեսնի այս իրողությունը եւ գործի համապատասխան ձեւով", - ցինիկաբար ընդգծել են Թուրքիայի ԱԳՆ-ում, հավելելով, թե հարգում են բոլոր մահմեդականների, քրիստոնյաների եւ հրեաների հիշատակը, որոնք զոհվել են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ապրիլի 24-ի ավանդական ուղերձում հերթական անգամ խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ կրկին նախընտրելով "Մեծ Եղեռն" արտահայտությունը: "Այսօր մենք հարգում ենք 20-րդ դարի խոշորագույն զանգվածային սպանություններից մեկի՝ "Մեծ Եղեռնի" ժամանակ տուժածների հիշատակը", - ասված է Թրամփի ուղերձում: