



ԱրմԻնֆո. Կունմինից դեպի Երևան ճանապարհը պետք է անցումային լինի՝ պարտավորություններից դեպի իրականացում, գնահատումից դեպի արագացում, հավակնությունից դեպի գործողություն: Այս մասին Կունմինում կայացած «Կունմինի երկխոսության» համաժողովում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով Կողմերի 17-րդ համաժողովում (COP-17) Հայաստանի նախագահության մոտեցումներն ու առաջնահերթությունները: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից:
Իր ելույթում նախարարը ընդգծեց, որ Կունմինը առանձնահատուկ նշանակություն ունի կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի համար։ Այստեղ է սկսվել Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի ձևավորման ուղին։
«Այսօր, երբ մենք մոտենում ենք դրա իրականացման գործում կոլեկտիվ առաջընթացի առաջին գլոբալ վերանայմանը, մեր խնդիրն է ոչ միայն գնահատել ձեռք բերված արդյունքները և առկա բացթողումները, այլև պարզաբանել, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել մինչև 2030 թվականը իրականացումն արագացնելու համար։ Որպես COP-17 նախագահություն, Հայաստանը առաջին գլոբալ վերանայումը դիտարկում է որպես իրականացման մեխանիզմները ամրապնդելու, գործնական քայլերը առաջ մղելու և երկրների ու բոլոր շահագրգիռ կողմերի համար իրենց պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորություն։ Կունմինգից մինչև Երևան ճանապարհը պետք է անցումային լինի՝ պարտավորություններից դեպի իրականացում, գնահատումից դեպի արագացում, հավակնությունից դեպի գործողություն»։
Սա նաև COP-17-ի հայկական նախագահության ուղերձն է. «Գործե՛ք բնության համար»։ Կունմինգը մեզ տվեց գլոբալ շրջանակը, Նայրոբին ամրապնդեց գիտական հիմքերը և իրականացման համար անհրաժեշտ պայմանները, և մեր նպատակն է, որ Երևանը դառնա գործողությունների հարթակ», - ասաց նախարարը։


