
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, նախարարը նախ շնորհակալություն հայտնեց մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին. ՙԵս միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետևություններ անել' մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում եւ դա պետք է միասին անենք' մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետևողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջև դրված խնդիրները կատարի՚:
Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակիցների հեռացրեց համակարգից, հայտարարեց պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներին: ՙՆպատակը նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք: Այդ ամենը կնպաստի ԱԻ նախարարության աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը՚,- ընդգծել է նա:
Մայիսի 14-ին Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ՙԻսուզու՚ մակնիշի հրշեջ-ավտոմեքենան բախվել ՙՖիատ՚ մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՙՕպել Վեկտրա՚ մակնիշի ավտոմեքենային: ՙՖիատ՚ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՃՏՊ հետևանքով մահացել է:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին` ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ՙՍպայկա՚ ՍՊԸ-ում: Դեպքի վայրում աշխատել է 26 միավոր հատուկ տեխնիկա, 110 փրկարար: ՙՍպայկա՚ ընկերությունը ստեղծվել է 2001 թ. և հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ: