ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ եզրակացությանը, որը ներկայացրել էին ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը: Այն ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը:
Ինչպես նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, դրա ընդունման անհրաժեշտութունը պայմանավորված է Հայաստանի և Ղարաբաղի կառավարությունների միջև քննարկումների արդյունքներով:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ երկու անգամ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունում էր նախաձեռնել, սակայն փաստաթուղթը երկու անգամ էլ մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, այն պատճառաբանությամբ, որ նման քայլը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման:
Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարել էր, որ եթե Բաքուն շարունակի ռազմական գործողությունները, և դրանք վերաճեն լայնածավալ ռազմական գործողությունների, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: