
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի (սեփականատերը` ՙՄեթըլ Փրինս՚) գործունեությունը սպառնում է վերաճել էկոլոգիական աղետի: Նախօրեին բնապահպաններն ու լրագրողները եղել են Լոռու մարզում, որտեղ ականատես են եղել, թե ինչպես Շամլուղի բազմամետաղական հանքավայրի մշակումից ստացվող թափոնները լցվում են ուղղակի կիրճերը, ծառերի և թփերի վրա: Այրումի պոչամբարի շահագործումը նույնպես հարցեր է հարուցոււմ. քանի որ դրա տարածքը ցանկապատված չէ, տեղի բնակիչները դրանից մի քանի մետր հեռավորության վրա անասուններ են արածեցնում և հավաքում ուտելու խոտաբույսեր: Ինչպես բնակիչները, այնպես էլ ինքնակառավարման տեղական մարմինների ներկայացուցիչները նշում են, որ թափոնները լցվում են գետերը, որոնք օգտագործվում են նաև ոռոգման համար:
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կամբինատի թափոնները պարբերաբար գետն են լցվում: Ինչպես արտահայտվել է Խաչիկյանը, Ախթալա գետն արդեն վեր է ածվել ծանր մետաղներով հարստացված զանգվածի: Քաղաքապետը տեղեկացրել է, որ թափոնները գետում են հայտնվում արտադրական վթարների հետևանքով:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում էկոլոգիական ռիսկերի մասին նշել է նաև Մեծ Այրումի վարչակազմի ղեկավար Սահակ Նազարյանը: Նշենք, որ Այրումի կոմբինատի պոչամբարը գտնվում է գյուղական համայնքից ընդամենը 100 մ հեռավորության վրա: ՙԵթե պոչամբարը շարունակի լցվել նման տեմպերով, ապա կվտանգվի մեր գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը՚, - հաղորդել է նա: Նազարյանն անվիճելի փաստ է համարել այն, որ պոչամբարի ջրերը խառնվում են ոռոգման ջրերին:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը, կոմբինատի սեփականատեր ՙՄեըթլ Փրինս՚ ընկերությունը Շամլուղի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` դրանով իսկ ոչնչացնելով ողջ անտառազանգվածը: Նրա ասելով, ընկերությունը բաց շահագործման համար չունի Շամլուղի համայնքի թույլտվությունը, ուստի հանքավայրի շահագործումը կարելի է համարել ապօրինի:
Ծանր մետաղներով ստորգետնյա ջրերի աղտոտման վտանգի առկայությունը նշել է նաև բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը: Նա բացասական է գնահատել նաև այն հանգամանքը, որ ընկերությունն իր թափոնները լցնում է ուղղակի կիրճը: ՙԴա, անկասկած, կործանարար է բուսական և կենդանական աշխարհի համար՚, - ընդգծել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերի 17-ին ՙՄեթըլ Փրինս՚ կորպորացիայի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Պողոսյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար: Այսօրվա դրությամբ կոմբինատի ղեկավարությունն ստանձնել է նրա կինը` Մադլեն Թաշչյանը: