Հայաստանում առկա իրողություններում իր հայտ է եկել նոր քաղաքական ֆենոմեն` ի դեմս երիտասարդության, որը բողոքի ակցիաներ է կազմակերպել Բաղրամյան պողոտայում, և եթե երկրի իշխանությունները նրանց կարծիքը հաշվի չառնեն, ապա կբախվեն լուրջ խնդիրների, համոզված է դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա ասելով, արդի աշխարհում, որտեղ աշխարհաքաղաքական գործընթացները սրընթաց զարգանում են, ասպարեզ են գալիս նոր խաղացողներ, մասնավորապես, անդրազգային կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ:
«Ինձ թվում է, այսօր Հայաստանում առկա գործընթացները միանգամայն անպատեհ են: Արտաքին քաղաքականության տարբերակված գիծը, որը վերջին 6 ամիսների` մեկ տարվա ընթացքում վարել է Հայաստանի ԱԳՆ, արձանագրում է հաջողություններ: Այդ են վկայում Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանին առաջարկեցին շարունակել համագործակցությունը ԵՄ հետ` չնայած ԵԱՏՄ նրա ինտեգրմանը: Դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ միաժամանակյա փոխգործակցությանը», - նշել է Նավասարդյանը` հուլիսի 3-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդսմին կարծում է, որ Հայաստանը տարածաշրջանում և հետխորհրդային տարածքում միակ երկին է, որը կարող է միաժամանակ փոխգործակցել և Արևմուտքի, և Արևելքի հետ: Նավասարդյանը նաև համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ գործիք երկու բևեռների մերձեցման համար, և դա հասկանում են թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, այսինքն, պաշտոնական Երևանն այժմ դիտարկվում է որպես «Տրոյական ձի»:
Միևնույն ժամանակ դիվանագետը համոզված է, որ բողոքի ակցիաների նախաձեռնողները բավականին խելամիտ երիտասարդներ են, ովքեր կարողացան այնպես անել, որ երկրում առկա գործընթացները ստվեր չնետեն արտաքին քաղաքականության վրա: «Սակայն ես համամիտ չեմ այն ձևակերպմանը, թե հանրապետությունում առկա իրավիճակը քաղաքական ենթատեքստ չունի: Ունի, քանի որ կոռուպցիան քաղաքական երևույթ է: Եվ միայն այն արմատախիլ անելով կարելի է վերացնել դժգոհությունը երկրում», - նշել է նա: