ՀՀ քննչական կոմիտեումի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):
Գերատեսչության հաղորդման համաձայն, օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ եւ 1 պարկուճ: Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատաձգաբանական եւ դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաեւ՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: