Ադրբեջանը երբեք բանակցային գործընթացից չի հրաժարվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
ՙՀաջորդ ամիս եվրոպական քաղաքներից մեկում, ամենայն հավանականությամբ՝ Բրյուսելում, նախատեսումենք հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՚,- ասել է Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ-ն: Նրա խոսքով, հանդիպման հտակ ամսաթիվը և վայրը կորոշվի ավելի ուշ:
Ըստ որում, խոսելով հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերի մասին՝ Մամեդյարովը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի ակտիվությունը նման է սառցալեռան: ՙԲոլորը տեսնում են միայն վերին մասը, բայց ոչ ոք չգիտե, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի առաջարկները հետաքրքրիր են նաև մեզ համար: Ռուսաստանը առաջարկել է մեզ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում: Սակայն, առաջին հերթին հայերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները՚,- նշել է նա: Նախարարը հստակություն է մտցրել է նաև այն հարցում, որ ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունը նոտա է ուղարկել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը. ՙ1994-1995 թթ. հրադադարի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրեր են ձեռքբերվել: Երբ ապրիլին խախտվեց հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի գործողությունները հարցականի տակ են դնում այդ համաձայնագրերը: Ռուսական կողմը և համանախագահները հայտնեցին մեզ, որ լիովին աջակցում են զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995 թթ. համաձայնագրերին: Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվեց Մոսկվայում: Մենք նույնպես մտածում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Մենք միշտ ասում ենք, որ խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Սակայն, պետք է արդյունք լինի: Դա չի նշանակում, որ մենք պետք է ևս 25 տարի բանակցություններ վարենք՚:
Միաժամանակ Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցային գործընթացից, և իր համար կարևոր է արդյունքը: