Ավելի շուտ Քուռը կփոխ իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը որևէ կարգավիճակով կհայտնվի Ադրբեջանի կազմում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Զիաֆետ Ասկերովին, ով հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:
ՙՂարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիման վրա, ինչը պնդում են միջազգային միջնորդները և հայկական կողմը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ միջազգային հանրությունը՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, և երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին է խոսում ոչ միայն հայկական կողմը, այլ նաև՝ Մինսկի միջնորդները և համանախագահող երկրների ներկայացուցիչները՚,- հայտարարել է Շարմազանովը:
Նշենք, որ Միլլի մեջլիսի նախագահի տեղակալ Զիաֆետ Ասկերովն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման օգտին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: ՙԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքում արհեստականորեն երկրորդ հայկական պետություն ստեղծել: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Մենք պատրաստ ենք Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում: Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է՚,- հայտարարել է նա: