ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կոշտ և հասցեական արձագանքի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարմանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Իր հայտարարությամբ Ալիևն, ըստ էության, վերստին ցուցադրում է, որ ինքը միայն ձևացնում է բանակցություններ, իսկ իրականում փորձում է ժամանակ շահել` հերթական առզմական արկածախնդրություն իրագործելու հարմար առիթի համար», - նշել է նա:
Անդրադառնալով Ալիևի այն փաստարկին, թե Պետերբուրգի հանդիպման ամփոփիչ հայտարարությունում միջադեպերի հետաքննության ներդրման վերաբերյալ կետ չկա, Շարմազանովը հայտարարել է, որ դա Բաքվի հերթական հնարք է: «Եթե Ալիևն ուշադիր կարդա Պետերբուրգի փաստաթուղթը, ապա կտեսնի, որ այնտեղ վկայակոչվում են Վիեննայի պայմանավորվածությունները, որոնցում հստակ ասվում է վստահության մեխանիզմների ստեղծման մասին», - ասել է նա:
Անդրդառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ, փոխխոսնակն ընդգծել է, որ դա Ադրբեջանը չի որշոում: Նրա ասելով, Ղարաբաղի ժողովուրդը սեփական ճակատագիրը վճռելու նույնպիսի իրավունք ունի, ինչպես և աշխարհի մյուս ժողովուրդները:
«Ինչու՟ շոտլանդացիները կարող են հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու մասին, իսկ Ղարաբաղի ժողովուրդը` ոչ», - ամփոփել է փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս զինծառայողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, համոզմունք էր հայտնել, թե այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ, առաջին հերթին, այդ մեխանիզմենրը դեռ գոյություն չունեն, և ոչ ոք հստակ չի ասում, թե իրենցից ինչ կներկայացնեն այդ մեխանիզմները: «Երկրորդ, ինչո՞ւմ է կայանում դրա իմաստը: Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության «սառեցումը» և շփման գծում լրացուցյչ միջոցառումների ներդրումը, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան: Դա կարող է լինել միայն բանակցային գործընթացի դրական դինամիկայի շարունակության դեպքում, որպեսզի մենք տեսնեինք հստակ արդյունքները, որպեսզի մենք իմանայինք մեր տարածքների ազատագրման հստակ ժամկետները – այդ դեպքում կարող են մշակվել զանազան մեխանիզմներ, և միայն այդ դեպքում կարող է քննարկվել այդ հարցը»,-հայտաարել էր Ալիևը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը` Ալիևը հայտարարել էր, թե հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակում: «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, և այդ տարածքում երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Սա է գլխավոր հարցը: Ինչ վերաբերվում է ԼՂՀ կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, ինչ-որ կարգավիճակ կտրվի: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Եվրոպայում, մյուս երկրներում կա առաջադեմ փորձ և տարբեր տեսակի կարգավիճակներ: Բայց այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր պետության տարածքային ամբողջականությունը», - եզրափակել էր Ալիևը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել հարգել այն պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքներին նվիրված համատեղ հայտարարություններում: