ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Ա. Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
ՙՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում, Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը, Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը ստուգելու, նման ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը պարզելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնելու խնդրանքով՚,- գրել է Լեհաստանում ՀՀ դեսպանը:
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Գարիկ Գալիկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Լեհաստանում վաճառվում են հայ զինվորների համար արտադրվող սննդամթերք և զինվորական համազգեստ:
ՙԸնկերներիցս մեկը մի բան գրեց, որը չեմ կարողանում մարսեմ: Փաստորեն իմ 8 տարեկան երեխես իրա բուֆետի փողը հավաքումա, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին ու բանից պարզվում է` Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոններ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: ի դեպ աշխատողը, իմանալով որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը: Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով կատարել համապատասխան ուսումնասիրություն՚,- գրել է Գալիկյանը: