Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հանդես եկող «Ոչ թալանին» շարժումը մայիսի 23-ին, ժամը 17-ին իրազեկման ավտոերթ կանցկացնի Հաղթանակի կամրջից: Ավտոերթի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախատեսված մեծ երթի մասին, որի երթուղին առայժմ չի հրապարակվկում:
Ավտոերթի երթուղին է` Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն։
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մտադրությունը հասարակական մեծ հակազդեցություն է հարուցել: Մասնավորապես, առաջարկում է 1 կՎտ էլետրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ, ներկայիս 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` մինչև 48,93 դրամ, ներկայիս 31,85 դրամի փոխարեն: ՀԾԿՀ կարող է 80 օրվա ընթացքում ուսումնասիրել ՀԷՑ հայտը, և որի բավարարման դեպքում դա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացումը վերջին 2 տարում: Վերջին թանկացումը եղել է 2014 թվականի օգոստոսի 1-ից: Ցերեկային սակագինը (7:00-23:00) սպառողների համար կազմեց 41,85 դրամ` նախկին 38 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը (23:00-7:00) սահմանվեց 31,85 դրամ` նախկին 28 դրամի փոխարեն: Երկրի իշխանությունները` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են սակագների հերթական թանկացման համար մեղքը բարդել ՀԷՑ «վատ կառավարման» վրա: Միևնույն ժամանակ, նույն Երվանդ Զախարյանի տեղակալի ասելով, կառավարության երաշխիքներով և ՀԾԿՀ համաձայնությամբ ցանցերը ներգրավել են 220 մլն դոլարի վարկեր: Հետևաբար, ընկերության անվճարունակության դեպքում այդ պարտավորությունները պետք է ստանձնեն հարկատուները: