Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամենամարտունակներից մեկը մնալ հետխորհրդային տարածությունում: Եվ դա տեղի է ունենում`ի հեճուկս Ադրբեջանի կողմից սպառազինությունների գնումների ավելացման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ, ՙԱզգային պաշտպանություն՚ ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
ՙԱյս գործոնը, թերևս, ամենակարևորն է ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին ուժային հավասարակշռության ապահովման գործում՚,- ընդգծել է ռազմական փորձագետը:
Կորոտչենկոյի խոսքով, շահագրգռված լինելով այդ հավասարակշռության պահպանմամբ`Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերը կատարում է այդ ուղղությամբ: Փորձագետը զարմանալի չի համարում այդ գործոնը`հաշվի առնելով, որ հենց այդ հավասարակշռությունն է Հարավային Կովկասում թեկուզ հարաբերական, բայց խաղաղության պահպանման գրավականը:
Երևանն ամենատարբեր մակարդակներով բազմիցը խիստ մտահոգություն է հայտնել Բաքվի ռեժիմին ռուսական սպառազինությունների մատակարարումների առնչությամբ: Ի պատասխան`Մոսկվան, որպես կանոն, վկայակոչում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարակշռության պահպանումը:
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, 2010-2014թթ. 2005-2009թթ. համեմատ Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման ծավալն ավելացել է 249%-ով: Մինչդեռ Հայաստանի կողմից զենքի ներմուծումը կազմում է ադրբեջանական ներմուծման ընդամենը 4%-ը:
2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածներին հատկացրել է բյուջեի բոլոր հատկացումների 18%-ը` մինչև 5 մլրդ դոլար: Սպառազինությունների 85%-ն Ադրբեջանը ներմուծում է Ռուսաստանից, որն արդեն Բաքու է առաքել 4-5 մլրդ դոլարի հարվածային սպառազինություն: Միևնույն ժամանակ Մոսկվան սպառազինություն է մատակարարում ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերին: