ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը որոշել է վայր
դնել մանդատը: Այդ մասին գրում է «Հրապարակը»:
«ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի աշխատասենյակում երեկ աննախադեպ իրարանցում էր: Մեկը մյուսին հերթ չտալով՝ նրա սենյակ էին մտնում կուսակից պատգամավորները, նրանց վրդովված զրույցը երբեմն հասնում էր խորհրդարանի միջանցք: Հասկանալի էր, որ ԲՀԿ-ականներն ինչ-որ բացատրություն էին պահանջում Ուրիխանյանից: Քիչ ուշ հայտնի դարձավ, որ նա մանդատը վայր դնելու որոշում է կայացրել, որը մտադիր է հրապարակել համագումարի ժամանակ, գործընկերները փորձել են պարզել պատճառներն ու համոզել, որ հետ կանգնի որոշումից», - գրում է թերթը: Պարբերականը նաև նշում է, որ այսօր ԲՀԿ համագումարի ընթացքում կուսակցությունից զանգվածային «արտագաղթ» է սպասվում: Մասնավորապես, ԲՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, կուսակցության շարքերը մտադիր են լքել Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրգորյանը,
Աբրահամ Մանուկյանը:
ԱրմԻնֆո-ի թղթակիցը փորձել է Ուրիխանյանից
պարզել տեղեկատվության հավաստիությունը, սակայն վերջինը նպատակահարմար չի գտել այդ
հարցին պատասխանելը: Քաղաքական գործիչը խորհուրդ է տվել հետևել իրադարձությունների
զարգացմանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա
Զոհրաբյանն արդեն հայտարարել է կուսակցության շարքերը լքելու Վարդան Օսկանյանի
որոշման մասին:
Հիշեցնենք,
որ այսօր պետք է կայանա ԲՀԿ համագումար, որի ընթացքում սպասվում է, որ
կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն
իր պաշտոնը կհանձնի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Շրջանառվող լուրերի
համաձայն, Ծառուկյանի այդ որոշումը կուսակցության անդամներից շատերի սրտով չէ,
ինչի պատճառով էլ նրանք մտադիր են հեռանալ կուսակցությունից: ԲՀԿ փոխնախագահի
պաշտոնի համար կանխատեսում են քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի
թեկնածությունը: Հնարավոր է, որ համագումարից հետո ԲՀԿ կանցնի արմատական
ընդդիմության ճամբարը: ԲՀԿ-ում առկա իրավիճակը Ծառուկյանի և նախագահ Սերժ
Սարգսյանի միջև առճակատման արդյունք է: Նրանց «հաշտության» գինը Ծառուկյանի
լիակատար կապիտուլյացիան էր և քաղաքականությունից հեռանալը: