ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջիկա ժամերին դիմելու է Սահմանադրական դատարան` խնդրելով ապահովել Կուտակային կենսաթոշակի վերաբերյալ և հարակից օրենքները վիճարկող ՀՅԴ պահանջների պատշաճ քննարկում:
Ինչպես Մինասյանը գրել է Facebook-ի իր էջում, երկար ժամանակ հետեւողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: «Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից: Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը», - նշել է նա:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այժմ տարածվում է միայն պետական հատվածի աշխատողների վրա, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո: Սակայն 2017 թվականից արդեն այդ բարեփոխումը կվերաբերվի 1974 թվականից հետո ծնված ՀՀ բոլոր քաղաքացիներին: