2016 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակն առաջին անգամ կհանձնվի նոր «Լավագույն մանկական անվանակարգում»: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը:
Եվս մեկ նորամուծություն կլինի այն, որ «Լավագույն պիես» անվանակարգում հաղթողին ընտրելիս որոշիչ կլինի Կարինե Խոդիկյանի «Դրամատուրգիա» հանդեսի խմբագրական կազմի եզրակացությունը:
«Արտավազդ» թատերական մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունենում ամեն տարի մարտի 27-ին` Թատրոնի համաշխարհային օրը: Այս տարի, հաշվի առնելով, որ այդ օրը Հայաստանում նշվում է Զատիկը, արարողությունը տեղափոխվել է մարտի 26-ին: 2016 թվականին «Արտավազդը» նվիրված կլինի Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ շնորհեց Նարինե Մալյանի (Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն) «Սիրելի Պամելա» պիեսին: «Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ ստացավ Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը «Ամնեզիա» (Լիզա) ներկայացման համար: Այս անվանակարգում մրցանակ ստացավ նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը ներկայացնող Ռուզան Գասպարյանը «Չորս պատճառ ամուսնության համար»: «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Կարեն Քոչարյանը «Ինչպե՞ս են մարդ դառնում» (Եգոր Գլումովի դերակատարման համար) պիեսից ու Վիգեն Ստեփանյանը՝ («Լիր») hայ-վրացական նախագծի համար: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունում «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիգոր Խաչատրյանը «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից): «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայկ Թորոսյանը «Աշնանային իրիկնամուտ» ներկայացման համար (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն): Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում «Արտավազդ» մրցանակ ստացավ Արթուր Մանուկյանը «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» ներկայացման համար:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում պարգևի արժանացավ «Թմկաբերդի առումը» (Զարուհի Անտոնյան և Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտ), «Լավագւոյն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում` Նարինե Գրիգորյանը ("Lyu-Bof"): Լավագույն երիտասարդ դերասաններ ճանաչվեցին Նարեկ Հայկազյանը («Դեպք մետրոյում»), Արմեն Քուշկյանը («Ապուշը»), Սիրանույշ Լազյանը («Երզնկայի գիշերը») և Անի Ղազարյանը ("Lyu-Bof"):