Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը բացառապես ժամանակի հարց է: «Ազատության» հետ հարցազրևույցում այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով, ապրիլյան պատերազմը Ադրբեջանը հաղթանակ է համարում, և դրանով ոգևորված առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող է ստատուս քվոն խախտելու նոր փորձ անել:
«Ընդհանուր առմամբ չկա ոչինչ և ոչ ոք, որ թույլ չտա Ադրբեջանին ձեռնարկել ռազմական նոր գործողության փորձ: Զսպող ոչինչ չկա: Ավելին, Ադրբեջանի հարձակումն արդեն ավելի շատ երբ-ի հարց է, քան եթե-ի, քանի որ Ադրբեջանը վերջին հարձակումը հաղթանակ է գնահատում: 21 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը կարողացել է գոնե ժամանակավորապես գրավել և պահել տարածք», - ասել է Կիրակոսյանը, հավելելով, որ նոր հարձակումը չի լինի նույն ուժգնության, ինչ ապրիլի 2-ին էր: «Ադրբեջանական ուժերն այնքան պատրաստված չեն և դեռ բավարար վերազինված չեն, որպեսզի սկսեն այդպիսի լուրջ հարձակում: Այդուհանդերձ, մենք պետք է սպասենք հարձակում շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում՝ առավելապես կենտրոնացած վնասներ պատճառելու և, ցավոք սրտի, խաղաղ բնակչությանը թիրախավորելու, բայց պակաս ինտենսիվ և պակաս կոորդինացված, քան ապրիլի 2-ին», ասել է նա:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, միջազգային հանրության կողմից տարվող նախկին մարտավարությունն այլևս չի աշխատում: «Հայաստանի համար իրական վտանգը անպայմանորեն Ադրբեջանի հարձակումը չէ, այլ թերևս Մինսկի խմբում Ամերիկայի և Ֆրանսիայի ոչ բավարար ներգրավվածությունն ու Ռուսաստանի դավաճանությունը Հայաստանին», - նշել է նա:
Փորձագետը հավանական չի համարում ղարաբաղա-ադրբեջանական նոր լարվածության դեպքում Թուրքիայի հնարավոր ուղիղ միջամտությունը` հաշվի առնելով Հայաստանի սահմաններում ռուսական զորքերի առկայությունն ու Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը: