Մինչև օգոստոսի 29-ը ներառյալ հանրապետության տարածքում կպահպանվի անկայուն եղանակ, իսկ սեպտեմբերին մեզ սպասում է համաչափ և նույնիսկ հարմարավետ եղանակ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ Սուրենյանի, օգոստոսին հանրապետությունում արձանագրված շոգ եղանակն աննախադեպ էր: Նման շոգ Հայաստանում չի եղել 1840 թվականից ի վեր, նշել է նա: «Հուլիս-օգոստոսին Հայաստանում արձանագրվեց 3 խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետության տարածք ներթափանցեցին Սաուդյան Արաբիայից: Ըստ Սուրենյանի, օրվա միջին ջերմաստիճանը նորմայից 6-7 աստիճանով բարձր էր: Այնուամենայնիվ, նրա խոսքով, օգոստոսի 22-ից հանրապետության տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, քանի որ վերջին 5 օրերին երկրի տարածքում ժամանակ առ ժամանակ անձրևներ են տեղում, իսկ առանձին վայրերում արձանագրվել են զգալի քանակով տեղումներ: Ներկայումս օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է նորմայից»,-նշել է Սուրենյանը:
Խոսելով առաջիկա օրերի եղանակի մասին, Սուրենյանը նշել է, որ մոտակա օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: «Օգոստոսի 26-ից ցիկլոնը կորցրել է ուժը, հետևաբար, տեղումները հիմնականում կլինեն կարճաժամկետ և հիմնականում կդիտվեն օրվա երկրորդ կեսին»,-ասել է փորձագետը:
Օդերևութաբանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի առաջին օրերին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է 22-25 աստիճան տաքություն, Լոռիում` 21-25, Տավուշում` 26-27, Արարատյան դաշտում և Երևանում` 33-35 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի մարզում օդի ջերմաստիճանը կլինի +35:
Ինչ վերաբերվում է լրագրողների այն նկատողություններին, որ շատերն իրենց ջերմաչափերի վրա արձանագրեցին 45 և ավելի բարձր ջերմաստիճան, մինչդեռ օդերևութաբանները հաղորդում էին` 41-ից բարձր ջերմաստիճան, Սուրենյանը նշել է. «Որպես աշխարհագրական գիտությունների թեկնածու, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ օդի ջերմաստիճանը Հաաստանում երբեք 42 աստիճանից չի բարձրացել»