Ապրիլյան ագրեսիան Բաքվին մղեց ռազմա-քաղաքական փակուղի: Երևանում ընթացող «Կովկաս-2015» միջազգային երկօրյա կոնֆերանսում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
«Ալիևի համար միակ դրական արդյունքն այն 800 հա տարածքն էր, որը հանդիսանում է ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծի մաս: Չեմ ժխտի, որ այդ տարածքները պաշտպանության կազմակերպման առումով, իհարկե, որոշակի նշանակություն ունեն: Սակայն, ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի ռազմա-քաղաքական կորուստները գերազացում են այդ 800 հա տարածքները»,-նշել է նա:
Հարությունյանի գնահատականներով, ապրիլյան ագրեսիայի արդյունքները ցուցադրեցին ադրբեջանական բանակի լիակատար անընդունակությունը ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում, նույնիսկ նորագույն սպառազինությունների միջոցով: Նշելով, որ 90-ական թվականներին Ադրբեջանի սպառազինություններն առանձին տեսակներով 5-25 անգամ գերազանցում էին հայկականին, փորձագետն ընդգծել է, որ ապրիլը բավահայտորեն ցուցադրեց 90-ականների միտումների պահպանումը, ինչն արտահայտվեց հայ զինվորի բարձր ոգո և հայրենասիրության առջև նավթադոլարների անզորության մեջ:
Չհաջողվեց նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նկատմամբ Բաքվի իրականացրած ռազմա-քաղաքական շանտաժը`բանակցությունների բովանդակությունը փոխելու նպատակով: Իսկ շփման գծում վերահսկողության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկին Բաքուն Վիեննայում պատասխանեց համաձայնությամբ, որին հետևեց մերժումը, իսկ հետո կրկին`համաձայնությունը: Նման պահվածք, ըստ Հարությունյանի, Ադրբեջանը ցուցադրել էր նաև 1994-1995 թվականներին, երբ միայն «պաշտպանության նախարար Պավել Գրաչյովի համոզիչ ուժը» Բաքվին ստիպեց հետևել անժամկետ հրադադարի մասին եռակողմ պայմանագրի ներքո դրված սեփական ստորագրությանը:
«Եվ վերջապես, ապրիլյան ագրեսիայով Բաքուն հասավ նրան, որ բանակցային գործընթացում էապես կոշտացավ Հայստանի դիրքորոշումը: Եթե նախկինում Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի դիմաց պատրաստ էր Արդբեջանի հետ փոխզիջումների շրջանակներում զիջել տարածքներ, ապա այժմ, առանց Բաքվի կողմից պատասխան փոխզիջոմային քայլերի սահմանման, Երևանը որևէ զիջումների չի գնա: Այսպիսով, այսօր Ադրբեջանը հնարավորություն չունի հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով կարգավորել նրան ոչ ոք թույլ չի տա»,-եզրափակել է ռազմական փորձագետը: