Հայաստանի իշխանությունները փորձում են քաղաքական ուժերի հետ լայն կոնսոլիդացիայի միջոցով գտնել սահմանադրական բարեփոխումների լավագույն նախագիծը: Սեպտեմբերի 1-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Քաղաքական ուժերը ներկայացրել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք կքննարկվեն խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ, և մենք կփորձենք գտնել բարեփոխումների լավագույն տարբերակը», - նշել է վարչապետը:
Աբրահամյանը նաև չի բացառել, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: «Ժողովուրդը պետք է որոշի, եթե խորհրդարանական մեծամասնություն ունենամ` ինչո՞ւ ոչ: Կարեւոր է, որ երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տանք», - հայտարարել է վարչապետը, հավելելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է զբաղեցնել միայն բարձր պաշտոններ։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն օգոստոսի 20-ին հաստատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը` կից հիմնավորումներով, և ներկայացրել Հայաստանի նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը բարեփոխումների նախագիծն ուղարկել է խորհրդարան: Նախագահը ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատների», Քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դիրքորոշումների շուրջ: Հրավերը մերժել են ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: