Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված քաղաքացիներն սկսել են խոստովանական ցուցմունքներ տալ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով, նոյեմբերի 25-ին Երևանում Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծված հանցավոր խմբավորումն իր զինվածության մակարդակով, պատրաստվող գործողությունների վտանգավորությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանում: Ինչպես նշել է Համբարձումյանը, խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել: ՙՆերկայումս պարզվում են ֆինանսավորման աղբյուրները՚,- հայտարարել է ԱԱԾ ներկայացուցիչը: Չնայած այն բանին, որ խմբի մասնակիցները գաղտնիությունը պահպանելու նպատակով ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցները, եղել է հստակ դերաբաշխում և միմյանց հետ կապվել են գաղտնի հեռախոսահամարներով՝ 2015 թ. ապրիլին հանցավոր խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի Իսպանիայից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո խմբի գործունեությունն ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում է հայտվել: ՙՎնասազերծվել է խմբավորում, որն ունեցել է հստակ նպատակներ և գործողությունների մշակված ծրագիր: Հնարավոր հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, հասարակական և քաղաքական գործիչների, ինչպես նաև պետական մարմինների և իշխանությունների առանձին ճյուղերի դեմ՚,- հայտարարել է Համբարձումյանը՝ նշելով, որ քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի կարող ներկայացնել: Զուգահեռներ անցկացնելով՝ Միքայել Համբարձումյանը հիշել է հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ նշելով, որ շատ բանից կարելի էր խուսափել, եթե հաջողվեր նախօրոք բացահայտել Նաիրի Հունանյանի մտադրությունները: Համբարձումյանի խոսքով, այժմ պարզվում է, թե արդյոք խմբավորումը կապ ունի ահաբեկչական կազմակերպությունների հետ: ՙԽմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայում, և պարզվում են ինչպես Սիրիայի տարածքում նրա գործունեության ոլորտը, այնպես էլ նրա հնարավոր շփումները՚,- պարաբանել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը: Ինչպես նշել է Համբարձումյանը, ձերբակալվածների շրջանակը, հնարավոր է, ընդլայնվի: Դրանից ելնելով՝ որոշ միջոցառումներ են իրականացվում՝ կապված պետական և հասարակական որոշ վայրերում պահպանության ուժեղացման հետ:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: