Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը մեկնարկել է ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚ ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի ՙԳյուղական տարածքների տնտեսական զարգացման՚ Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի ՙԳյուղական կարողությունների ստեղծման՚ ծրագրի շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՙԱմերիա՚ ՓԲԸ մամուլի ծառայությունում, ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚ ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղական աղքատության նվազմանը` մասնավորապես պտղի և ընկուզապտուղների կայուն արտադրությունը խթանելու միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրել Հայաստանում աճող և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող շուրջ 7 պտղի և ընկուզեղենի տեսականի և մշակել դրանց արտադրության խթանմանն ուղղված համապատասխան վարկային պրոդուկտ: Թիրախավորված վարկային պրոդուկտը հնարավորություն կտա գյուղական մանրածավալ արտադրող ֆերմերներին նպաստավոր պայմաններով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանալ ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների կողմից:
ՙՄրգերի արտադրությամբ զբաղվում են Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, այն մեծ մասնաբաժին ունի նաև հանրապետությունից արտահանվող մթերքի շարքում: Կարելի է փաստել, որ թե' տեղական, թե' միջազգային շուկայում մրգերի և ընկուզեղենի չբավարարված հզոր պահանջարկ կա: Նախագիծը կարող է էապես նպաստել գյուղական տնտեսության զարգացմանը և, ինչու ոչ, Հայաստանում ավելացնել մրցունակ և կայուն ֆերմերային տնտեսությունների քանակը՚,- նշել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ավագ խորհդատու Արման Փորսուղյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45 տոկոսը: Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70 տոկոսը փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚ ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք:
ՙՏնտեսական մոդելավորում և իրագործելիություն՚ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ. մայիս ամսին:
ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի անդամ ՙԱմերիա՚ ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: ՙԱմերիա՚ ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: