Ապրիլի 24-ին Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցությունը, Ուկրաինայի շուրջ Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ուրախ է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում երկկողմ հարաբերությունները և Եվրամիության հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը քննարկելու հնարավորության համար: ՙՑավոք, մեր հարաբերությունները լավագույն վիճակում չեն գտնվում, ապրանքաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում`Ֆրանսիայի հետ, ինչը միայն ափսոսանք է առաջացնում: Մենք պետք է մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ գտնենք, և, կարծում եմ, դրանում բոլորն են շահագրգռված: Բնականաբար, կխոսենք նաև Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակին վերաբերող Մինսկի համաձայնագրերի իրականացման մասին՚,- նշել է նախագահը:
Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս վատթարացել են`կապված ուկրաինական ճգնաժամի հետ: ՙԻհարկե, իրեվիճակից լավագույն ելքը Մինսկի համաձայնագրերի իրականացման ճանապարհով ընթանալն է: Մենք երկուսս էլ բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսի դրանք կյանքի կոչվեն՚,- նշել է նա: Քննարկվելիք հարցերի թվում Օլանդը նշել է նաև Սիրիայում, Իրանում, Իրաքում, Լիբիայում առկա խնդիրները: