Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման ձևական պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԽ ստացված հայտարարությնա մեջ, իրականում նրան աշխատանքից ազատելու պատճառը նրա քաղաքական ակտիվ գործունեությունն է, որը երբեմն դրսևորվում է կտրուկ գործողություններով: Ռեժիմի համբերության բաժակը «լցվել է», քանի որ ս.թ. օգոստոսի 20-ին ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնության դեմ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ Գևորգ Սաֆարյանը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի հասցեին հրապարակային կոշտ քննադատություն է հնչեցրել, այնուհետև ձվեր է նետել նախագահական նստավայրի վրա:
Աղբյուրը նշում է, որ «Այբ» դպրոցը «Այբ» Հիմնադրամի համակարգի բաղադրիչ է, որի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամներից է Սերժ Սարգսյանը, իսկ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է:
«Ռեժիմի այս քայլը Հիմնադիր խորհրդարանի և անձամբ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ 2014 թ. աշնանից սկիզբ առած հաշվեհարդարի շղթայի հերթական օղակն է: Դրա փոխարեն՝ նրա նկատմամբ 2014 թ. նոյեմբերի 26-ին մահափորձ կատարած անձինք, նրան հանիրավի կալանավորած և մինչ օրս մեղադրող պաշտոնյաները կամ նրան սպանելու սպառնալիք տված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը անպատիժ կերպով շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Մենք ենք մեր երկրի տերերը» ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեցին ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնության կապակցությամբ, որը տեղի ունեցավ նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ Գևորգ Սաֆարյանը ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի հասցեին հրապարակային կոշտ քննադատություն հնչեցրեց, այնուհետև ձվեր նետելով նախագահական նստավայրի վրա: Նրան բերման ենթարկվեց ոստիկանություն, բայց հաջորդ օրն ազատ արձակվեց: