Թուրքիան անկեղծորեն կիսում է հայ ժողովրդի ցավը` մեկդարյա վաղեմության ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում, որի տեքստը հրապարակվել է այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ անցկացված արարողության ժամանակ:
«Հարգելի հայ քաղաքացիներ, ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի իրադարձությունների ժամանակ զոհված ցանկացած ազգի և կրոնի ներկայացուցչի հիշատակը: Մենք կարողացանք ստեղծել Թուրքիայի Հանրապետություն` առանց այդ իրադարձությունները թաքցնելու: Եվ այսօր մենք ուս-ուսի, առանց կրոնական և էթնիկ խտրականության, պայքարում ենք հանուն լավագույն ապագայի կերտման», - ասել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի դռները միշտ բաց են «օսմանյան հայերի թոռների առջև` աշխարհի որ անկյունում էլ նրանք ապրելիս լինեն»: