Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՊԲ զինվորական մեքենայի պայթեցման մասին տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն, Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: Ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: «Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը հայտարարել էր շփման գծում տեղաշարժվող օբյեկտները ոչնչացնելու մտադրության մասին: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգադրել էր բարձրացնել հայկական ԶՈՒ զգոնությունը` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ադրբեջանական կողմի հնարավոր դիվերսիաների պատճառով: