Շատերը Հայաստանում կուսակցություն ստեղծելու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի մտադրության մեջ ՙՊուտինի, Կրեմլի ձեռքն՚ են տեսել: Ձեր կարծիքով, իրականում ի՞նչ մտադրություններ ունի ՌՀՄ ղեկավարը:
Երբեմն ինձ թվում է, որ որոշ մարդիկ Հայաստանում գործում են միայն պատվերով: Պատվեր կա վարկաբեկելու՝ կանի դա, գովաբանելու՝ հիացած կգովի: Բոլորը հանկարծ հիշեցին Ռուսաստանի նախագահի հետ Արա Աբրահամյանի համապատասխան կապերի և այն մասին, որ նա Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ է: Իսկ այդ ամենը հայտնի էր վաղուց, և ոչ ոք դա չէր թաքցնում: Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունում մեր հայրենակցի հնարավորություններով հպարտանալու փոխարեն մենք աշխարհով մեկ աղաղակում ենք այդ կապերի և հնարավորությունների մասին՝ ինչպես ինչ-որ հանցանքի: Աբրահամյանը հստակ հայտարարել է, որ եթե անգամ կատարում է Ռուսաստանի նախագահի հանձնարարականները, ապա միայն Ռուսաստանի տարածքում: Եվ այդ մասին շատ լավ գիտեն նաև Արևմուտքում: Այդ պատճառով, կարծում եմ, մենք գործ ունենք բացառապես բոլորին հայտնի գաղտնիքի հետ: Եվ այդ ամենի շուրջը ինչ-որ խորը աշխարհաքաղաքական դասավորումներ կատարելն ուղղակի ծիծաղելի է:
Այն բանից հետո, երբ Հայաստանում սահմանադրական հանրաքվե տեղի ունենա, մենք գործ կունենանք երկրի կառավարման փոքր-ինչ այլ համակարգի հետ: Արդյո՞ք կառուցվածքային փոփոխություններ եք սպասում հայկական իշխանական համակարգում 2017 խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Արա Աբրահամյանի հաջող փորձի դեպքում:
Անկեղծ ասած՝ այդքան հեռու չեմ գնացել, այդ պատճառով ինձ համար շատ դժվար է կանխատեսել այն ամենը, ինչի մասին խոսում եք: Կարող եմ միայն ասել, որ այսօր Հայաստանի խորհրդարանում չկա ինչ-որ չափով ռուսական կողմնորոշում ունեցող կուսակցությույն: Մինչդեռ եվրոպական և ամերիկյան կողմնորոշում ունեցող կուսակցություններ խորհրդարանում կան: Այդ պատճառով, եթե նույնիսկ ԱԺ-ում ռուսամետ կուսակցություն հայտնվի, դա կհավասարակշռի ուժերի գոյություն ունեցող դասավորությունը և ոչ ավելին:
Կարծում եմ, որ պատմական երկար ժամանակաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառապես դաշնակցային և փոխվստահելի հարաբերություններ կլինեն: Երկու երկրների շահերը լիովին համընկնում են՝ առնվազն ազգային անվտանգության ապահովման և աշխարհաքաղաքական հարցերում: Հարաբերությունների վստահելիությունը թույլ է տալիս Հայաստանին ավելի ծանրակշիռ դեր խաղալ ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի և ԱՄՆ հետ հարաբերություններում: Իսկ հակառուսական պատժամիջոցների պայմաններում այդ դերը կբխի նաև բոլորի շահերից, առաջին հերթին՝ Հայաստանի:
Դուք խոսում եք դաշնակցային հարաբերությունների մասին, մինչդեռ շատերը Հայաստանում և Հայաստանից դուրս ռուսական ֆորպոստ են համարում մեր երկիրը:
Հայաստանը ֆորպոստ չէ, այլ երկիր, որին ընձեռված են անկախ լինելու բոլոր հնարավորությունները: Եվ թե ինչպես ենք մենք օգտագործում այդ հնարավորությունները, կախված է միմիայն մեզանից: Եվ քանի որ մենք անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, իսկ հիմա արդեն ԵՏՄ-ին, միանգամայն բնական է, որ մենք հատուկ գործընկերային հարաբերություններ ենք կառուցում այդ կազմակերպությունների անդամ երկրների հետ՝ դրանից բխող բոլոր բնական հետևանքներով: Իրականում ամեն բան հանգում է շատ պարզ բանաձևի, ըստ որի՝ Հայաստանը կարող է անկախ լինել միայն ընտրազանգվածի հարգանքի ու վստահության դեպքում նրանց նկատմամբ, ում ընտրել է: Հակառակ դեպքում Հայաստանը միշտ կախված կլինի ուրիշի կամքից, և ամենևին պարտադիր չէ, որ այդ կամքը բխի Հյուսիսից:
Արդյո՞ք Երևանի կողմից օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն եք տեսնում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծությունների լույսի ներքո: Աշխարհաքաղաքական տեսակետից արդյո՞ք պատրաստ ենք այդ օգնության ստացմանը:
Օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության հարցն ավելի շուտ հռետորական եմ համարում՝ հաշվի առնելով, որ մեր բանակը լիովին կատարում է իր պարտականությունները: Եվ իր բոլոր դիվերսիաների, գնդակոծությունների և սադրանքների արդյունքում Ադրբեջանը չի կարող նույնիսկ չնչին հաջողություններով պարծենալ: ՀԱՊԿ-ն, իհարկե, պետք է արձագանքի նման աղաղակող դեպքերին, բայց բացառապես ագրեսիան դատապարտող պաշտոնական հայտարարությունների մակարդակով: Առայժմ դա չի արվում, կամ արվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի ոչ պաշտոնական հայտարարությունների մակարդակով: Եվ նման պաշտոնական հայտարարությունների բացակայությունն իր պատճառն ունի: Օրինակ՝ մենք պետք է հասկանանք, որ Կազմակերպությունում կան երկրներ, որոնք չեն ցանկանում փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները: ՀԱՊԿ-ին Հայաստանը կարող է դիմել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկի շահերը գերիշխեն Հայաստանի շահերին: Այդ դեպքում որոշակի երկիր հնարավորություն կստանա, չնայելով երկրին, որը դա չի ցանկանում, անել այն, ինչ ինքն է ցանկանում: Ըստ որում, համոզված եմ, որ որևէ խաղաղապահ գործողություն իրական արդյունքների չի հանգեցրել: Նման գործողությունները միմիայն վատթարացրել են իրավիճակը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը կարող է արդյո՞ք խթանել ԵՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի գործընկերության զարգացումը:
Ձեր հարցին պատասխանելու համար փորձենք վերլուծել տնտեսական ներուժի ծավալները, որով Հայաստանը մուտք գործեց ԵՏՄ, և ինչ աճ է մեր երկիրը փորձում ապահովել: Մենք նույնիսկ չկարողացանք օգտագործել ընթացիկ տարվա առատ բերքի գործոնը: Երեկ ականատես եղա, թե ինչպես են գյուղացիներն աղբանոց նետում մեծ քանակությամբ խաղող և վարունգ, որոնք չեն կարողացրել իրացնել: Նման իրավիճակ ստեղծվել է՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ճանապարհին արհեստական խոչընդոտներ ստեղծելու պատճառով: Օրինակ՝ արտադրանքը Վրաստան տանելու համար գյուղացիներն ստիպված են բավական շատ մաքսատուրքեր վճարել Հայաստանում: 2015 թ. երեք եռամսյակներին Հայաստանը ճշտապահորեն իր միլիոններն է ստանում ԵՏՄ երկրների մաքսատուրքերից: Իսկ ի՞նչ է ինքը ներդրել ընդհանուր կաթսայում: Կարծում եմ՝ ԵՏՄ-ում գիտեն Տիգրան Սարգսյանին՝ որպես իր գործում արհեստավարժի: Այլ հարց է նրա քաղաքական համբավը: Կարծում եմ՝ նրա նշանակման հարցում ԵՏՄ-ում ղեկավավել են ոչ թե Հայաստանում նրա հաջողություններով, որոնք չեն եղել, այլ նրա՝ ինքնուրույն գործելու հնարավորությունների բացակայությամբ: Մոսկվան իրականում ցանկություն ունի ոտքի կանգնեցնել Հայաստանը, ստեղծել ձեռնարկություններ, որոնք կարող են աշխուժացնել տնտեսությունը, վերակենդանացնել ՙՆաիրիտը՚: Եվ այդ ծրագրերն իրականացնելու համար շահագրգռվածություն է պետք Հայաստանի ներսում:
Արդյո՞ք լիարժեք է օգտագործվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ներուժը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման լույսի ներքո:
Իրանի հետ Հայաստանի շփումներն ու կապերը վերջին ժամանակներս ավելի բարձր մակարդակի են հասել: Այդ առումով շատ կարևոր է մոտ ժամանակներս երկաթուղու կառուցումը, որը կկապի Հայաստանն իրանական Բանդարաբբաս նավահանգստի հետ: Այդ դեպքում Հայաստանը, վերջիվերջո, կվերածվի տարանցիկ երկրի: Այս ողջ 25 տարվա ընթացքում Թեհրանը երբեք չի թաքցրել Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու շահագրգռվածությունը: Այսօր Իրանը խիստ շահագրգռված է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա ելք ապահովելու հնարավորությամբ: Այս առումով Երևանին անհրաժեշտ է առավելագույն ջանք գործադրել աբխազական երկաթուղու բացման համար, ինչը տարածաշրջանում արմատական աշխարհաքաղաքական տեղաշարժի կհանգեցնի: Միաժամանակ Հայաստանի տնտեսության կլանային-օլիգարխիկ համակարգը պետության շահերի պաշտպանության տեղ չի թողնում, ինչը երկրի տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտն է: Ցավոք, դա վերաբերում է նաև Իրանի հետ հարաբերություններին: Այդ պատճառով մենք պետք է մեր դժբախտությունների պատճառները մեր մեջ փնտրենք: