Հայաստանի պաշտպանության նախարարության համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների հետ շարունակվում է, և դա կապված չէ Արցախում ապրիլյան էսկալացիայի հետ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտարարել է, որ տեղյակ է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և նախարարության միջև բազմաթիվ հանդիպումների մասին, և այդ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: ՙՈրոշ առաջարկներ ընդունվել են դեռ մինչև ապրիլյան պատերազմը, իսկ վերջին հանդիպման ընթացքում ներկայացվել են նոր առաջարկներ՚,- նշել է նա: Ըստ որում, Հովհաննիսյանը չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է՝ այդ ոլորտի փորձագետների հետ ոչ արդյունավետ համագործակցության պատճառով:
Հովհաննիսյանն ավելացրել է նաև, որ հայկական բանակը հագեցած է անհրաժեշտ բոլոր սպառազինությամբ, և զենքի մատարարումների գործընթացը չի դադարում: Նա ընդգծել է, որ սպառազինության արդիականացումը տեղի է ունենում՝ 200 մլն արտոնյալ վարկի շրջանակներում ռուսական զենքի մատակարարումներին զուգընթաց: ՙՄեր զինանոցում այնպիսի զենք կա, ինչի մասին կարող են շատ երկրներ երազել, սակայն մենք հավասարապես օգտագործում ենք 80-ական թթ. և նույնիսկ 60-50-ական թթ. զենք, քանի որ այն արդյունավետ է՚,- նշել է նա:
Հովհաննիսյանը նաև ավելացրել է, որ իրեն հայտնի չեն դեպքեր, երբ հայկական զինված ուժերը փորձել են որևէ զենք ձեռք բերել ռուսական կողմից, և վերջինս մերժել է կամ խոչընդոտներ է ստեղծել երրորդ երկրից այն ձեռքբերելու ճանապարհին: ՙՈրքան էլ տոկուն լինի հայ զինվորը, առանց զենքի հաղթանակ չի լինում՚,- ասել է նա: