ԵԽԽՎ սոցիալական կոմիտեի ըդնունած ադրբեջանամետ բանաձևը Հայաստանի պատվիրակության կամ պետական կառույցների պարտություն չէ: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխոսնակ Հերմինե Նաղդալյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեի` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» հերթական հակահայկական բանաձևը:
«Սարսանգի ջրամբարի մասին հարցի ներառումը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում այսօր ԵԽԽՎ-ում տիրող իրավիճակի արտացոլումն է: Դա ադրբեջանական կողմի նախաձեռնած հակահայկական արշավի արդյունք է, որն ապահովել է որոշ անձանց և ԵԽԽՎ անդամ երկրների աջակցությունը: Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ի զորու չէ պաշտպանել սեփական շահերը», - ընդգծել է Նաղդալյանը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ վերջին տարիներին հայկական կողմը բազմիցս «մարտի է բռնվել» Ադրբեջանի պատվիրակության հետ և հաղթանակել:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարի ասելով, Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբում և մի շարք այլ միջազգային հարթակներում իր համար անբարենպաստ իրավիճակի առնչությամբ փորձում է տանուլ տվածը հետ բերել ԵԽԽՎ-ում: Ընդ որում նա համոզված է, որ Հայկական կողմից ԵԽԽՎ աշխատանքի բոյկոտումը աշխատանքի լավագույն եղանակը չէ:
Միևնույն ժամանակ, եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում կարող է կիրառել ցանկացած գործիք, ընդհուպ` կառույցի բոյկոտում, սակայն սկզբի համար հարկավոր է հասկանալ այս կամ այն քայլի արդյունավետությունն ու հետևանքները:
Նրա ասելով, ԵԽԽՎ անդամ է 47 երկիր, և Հայաստանն ունի նույնպիսի իրավունքներ և հնարավորություններ, ինչ և մնացած 46 անդամները: «Կարծում եմ, որ բոյկոտը ծայրահեղ միջոց է, որին Հայաստանը պետք է դիմի միայն այն դեպքում, եթե մյուս բոլոր գործիքներն իրենց սպառում են և չեն արդարացնում», - ընդգծել է Զոհրաբյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեն ընդունել է հերթական հակահայկական բանաձևը, այս անգամ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից»: «Ընդունված փաստաթուղթը կանխամտածված էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը գնահատում է որպես «էկոլոգիական ագրեսիա»: Փաստաթղթում նաև նշվում է, որ «էկոլոգիական աղետի գոտիների ստեղծումը և տվյալ տարածքներում բնակչության նորմալ ապրելն անհնար դարձնելու փորձերը պետք է ընկալվեն որպես մեկ պետության թշնամական քայլ մյուսի նկատմամբ, իսկ Սարսանգի ջրամբարի բարձիթողի վիճակը կարող է զոհերի և աղետի պատճառ դառնալ, որը կուղեկցվի նոր հումանիտար աղետով»:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում, Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մա, օգտակարը՝ 500 մլն մա, ջրթողքը՝ 900 մա/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Խորհրդային ժամանակներում Սարսանգի ջրից օգտվում էր նաև Ադրբեջանը, Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայկական կողմը դադարեցրել է ջրի բաց թողումը դեպի Ադրբեջան: