2015 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկում չի լինի, ավելին` սահմանում լարվածությունը կպահպանվի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, 2015 թվականը բարդ կլինի, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով, կշարունակի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Ըստ որում, քաղաքագետը գտնում է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ այսուհետ Հայաստանը ոչ միայն պաշտպանվելու է, այլ անհրաժեշտության դեպքում պատժիչ միջոցներ է ձեռնարկելու: Նրա կարծիքով, վաշտերի և գումարտակների հրամանատարներին ադրբեջանական կողմի դիվերսիաներն ինքնուրույն կասեցնելու թույլտվությունը տալը ապացույց է այն բանի, որ հայկական կողմերն այլևս մտադիր չեն հանդուրժել Բաքվի ցինիզմը:
ՙԴա Մինսկի խմբին և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված ազդանշան էր այն մասին, որ բոլոր գործողություններն արժանի պատասխան են ստանալու, և եթե պատերազմը վերսկսվի, պատասխանատուն պաշտոնական Բաքուն է լինելու՚,- նշել է Բեքարյանը: Քաղաքագետը նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչն Ադրբեջանին`կատարել հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները, իսկ Հայաստանին`լարվածության վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել: ՙԵԱՀԿ Մինսկի խումբը գիտակցել է, որ իրավիճակը լուրջ է, և ապարդյուն հայտարարություններով որևէ արդյունքի չես հասնի՚,- ասել է նա: