Միացյալ Նահանգները երախտապարտ է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցում ցուցաբերած աջակցության, նաև իր այդ հանձնառությունն իրականացնելիս արած զոհողությունների համար: Այդ մասին «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության Իրանի հարցերով գլխավոր խորհրդական Լեսլի Ցոուն:
«Մենք բոլորս, որպես միջազգային հանրություն, միասին ենք աշխատել՝ կիրառելով պատժամիջոցներ, որոնք վերջնարդյունքում Իրանին բերել են բանակցային սեղանի մոտ: Այնպես որ՝ դա բոլորիս հաղթանակն է, որ Իրանը կրճատել է իր միջուկային ծրագիրը և այդ երկրի հանդեպ պատժամիջոցները հանվել են»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, Լեսլի Ցոուն նշել է, թե որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու Հայաստանը, հատկապես լինելով հարևան, չի կարող օգտվել Իրանի հետ նոր հարաբերությունների հնարավորությունից, և ինչու Հայաստանի գործարար համայնքը չի կարող շահել դրանից՝ ժողովուրդների միջև զարգացող կապերի պայմաններում: Նա հորդորել է բոլոր այն ձեռնարկություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Միացյալ Նահանգների հետ, կապվեն ԱՄՆ Գանձապետարանի վարչության (Treasury Department) և Արտաքին գույքի վերահսկման գրասենյակի (Office for Foreign Assets Control) հետ ու ճշտեն, թե արդյոք նրանց գործունեությունն օրինական է:
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ գործարարներն այժմ առավել քան երբևէ հետաքրքրված են Իրան վերադառնալու հարցում: «Բայց նրանք նաև տեղյակ են, որ մենք դեռևս զգալի պատժամիջոցներ ենք գործադրում Իրանի հանդեպ, ու դա նրանց հետ է պահում այն բիզնեսից, որն այսօր հայ գործարարները կարող են անել: Եվ ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք Իրանի հետ հարաբերություններում հասնել մի կետի, որտեղ կարող ենք համաձայնել՝ մոդիֆիկացնել կամ հանել ամերիկյան ընկերություններին առնչվող պատժամիջոցները, այդ ժամանակ ակնկալվող օգուտները կտարածվեն մեր դաշնակիցների վրա: Բնականաբար, դա վերաբերում է նաև Հայաստանին, քանի որ Հայաստանը Միացյալ Նահանգների շատ մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության Իրանի հարցերով գլխավոր խորհրդականը: