ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2015 թվականի համար նախատեսված աշխատանքները և գայլերի մորթիների ընդունման գործընթացն ավարտվել է:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը որսված գայլերի մորթիների ընդունումն սկսել էր սույն թվականի մայիսի 7-ից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը: Այդ ժամանակահատվածում ընդունվել է 200 գայլի մորթի:
Հիշեցնենք, որ գիշատիչների որսը կառավարությունը բացատրում է ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակումների աճի միտումով: Մինչդեռ էկոլոգները նշում են, որ իրավիճակի արմատներն ընկած են մարդկանց գործունեության արդյունքում գիշատիչների կենսատոպի խախտման մեջ, քանի որ պակասել է նաև այն կենդանիների թվաքանակը, որոնցով սնվում են գայլերը: Իսկ այդ պրոբլեմները շարունակում են մնալ անլուծելի:
Բացի այդ, գայլերի ոչնչացումը կարող է բերել լուրջ հետևանքների, քանի որ գայլերը հանդիսանում են անտառի սանիտարները, որոնք սնվում են կրծողներով և թույլ ու հիվանդ կենդանիներով: