Մայիսի 30-ին, ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը:
Նա հաղորդել է, որ ձերբակալություններն իրականացվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու, որոշ ապրանքատեսակներ ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով ձեռք բերելու փաստերի առնչությամբ հարուցված երկու տարբեր քրեական գործերի շրջանակում: Հիշեցնենք, որ Մելս Չիլինգարյանը մայիսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր Հայաստանի ԶՈՒ վարչության պետի պաշտոնից:
Ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):