Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:
Նախագահն իր ելույթում նշել է, որ իր համար մեծ պատիվ է ազդարարել այս ներկայացուցչական հանդիպման՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի մեկնարկը: «Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար, և Հայաստանը նույնքան բացառիկ ջերմությամբ ու նվիրումով է հյուրընկալում ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամներին: Այս համաժողովը լավագույն առիթ է բոլորիս համար՝ մեկ անգամ ևս արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և ամփոփելու ողջ տարվա ընթացքում Հայաստանում տիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում։ Թույլ տվեք նաև շնորհավորել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին, ով իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ է մասնակցում կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին: Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում տիկին Ժանը լավագույնս է ներկայացրել կազմակերպությունը և վերջինիս մաս կազմող կառույցները միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ նրա խոհեմ ղեկավարությամբ կազմակերպությունը կշարունակի նախորդ գլխավոր քարտուղարի` Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի` ավելի քան տասնամյա գործունեության լավագույն ավանդույթները և նոր նվաճումներ կարձանագրի կազմակերպության աշխատանքներում: Շնորհավորում եմ, տիկին Միկայել:
Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ շուրջ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունում հայոց արքունիքի պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածման ու խորացման հանձնառությունը:
Այսօր աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80 պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելը մեզ համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմական կապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար», - ասել է նախագահը:
Նա իր ելույթում անդրադարձել է նաև միջազգային ասպարեզում ի հայտ եկած նոր ճգնաժամերին և սպառնալիքներին, նշելով, որ այդ պայմաններում «բաժանարար գծերի խորացման ականատես ենք դառնում»: «Ուստի, առանձնակի կարևորություն են ստանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։ Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետությունն ու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառիկ կարևորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքային նկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատև միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում։ Ցավոք, հակամարտությունները և ճգնաժամերը շարունակում են սպառնալ նաև ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը և վտանգել կայուն զարգացումը: Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովի գլխավոր թեմա, առաջարկեց հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որ հանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվ հակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի, հակամարտությունների և անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է: Կան այլ բնագավառներ, որտեղ մենք կարող ենք միասնաբար գործել` մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն, տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ. դրանք բոլորն էլ Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել կլիմայական փոփոխությունների վերահսկման խնդիրը: Մեր սերունդների համար առողջ ու անվտանգ ապագա կերտելը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Այս առումով ես վստահ եմ, որ ֆրանկոֆոն համայնքն իր ներդրումը կունենա այս տարեվերջին Փարիզում կայանալիք՝ Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի հաջողության գործում», - նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց, Երևանում անցկացնելով այս համաժողովը, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր երկրի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը: «Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ», - հայտարարել է Հայաստանի նախագահը` արդյունավետ ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին: