«Հայաստանի էլեկտրական
ցանցեր» ընկերության վատ կառավարումը չի անդրադառնում էլեկտրաէներգիայի սակագների
վրա: Փետրվարի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հաղորդել է Հայաստանի
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա
ասելով, ողջ վնասն ընկերությունը պարտավոր է փոխհատուցել սեփական միջոցներով, այդ
թվում` սեփական շահույթի հաշվին: Պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերին»
կփոխհատուցի միայն օբյեկտիվ վնասները: Նա հավելել է, որ ՀԷՑ վնասների մի մասը
հարուցված է անհաջող փոխառություններով, և հանձնաժողովն այստեղ չի միջամտի: Սակայն
մյուս մասը հարուցված էր 2012-13 և 2013-14 սակագնային սեզոններում հանրապետության
էներգետիկ հաշվեկշռի ֆորս-մաժորային փոփոխությամբ: Նախ, այդ տարիները երաշտային
էին, ինչը հանգեցրել է հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նվազման: Ելնելով
բազմամյա տարեկան միջին ցուցանիշներից`
ՀԷԿ-երի Որոտանի կասկադում նախատեսվում էր արտադրել 1 մլրդ կՎտ/ժ,
Սևան-Հրազդան կասկադում` 550 մլն, փոքր ՀԷԿ-երում` շուրջ 820 մլն: Սակայն 2013- 14
թթ. արտադրվել է մոտ 250 մլն կՎտ/ժ պակաս: Երկրորդ. Հայկական ԱԷԿ-ը, որն արտադրում
է տարեկան շուրջ 2,2 մլրդ կվտ/ժ, 2013-14
թթ. սեզոնին կանգնեցվել է լրացուցիչ 88 օր և արտադրել է 330 մլն կՎտ/ժ պակաս:
Արդյունքում` ՀԷՑ-ն ստիպված է եղել գնել ջերմային էլեկտրակայանների ավելի թանկ
էներգիան, ինչը հանգեցրել է 27,6 մլրդ դրամ չնախատեսված ծախսերի (շուրջ 57,7 մլն
դոլար ընթացիկ փոխարժեքով – խմբ.): Այդ ծախսերը ՀԷՑ-ին կփոխհատուցվի երեք տարում`
սակագների միջոցով, հիշեցրել է Նազարյանը: