


Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու ընթացիկ տարվա աշնանը: Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Այվազյանը:
ՙԼինելով Ադրբեջանի քաղաքացի, հիմք ընդունելով վերջինիս Սահմանադրությունը`մտադիր եմ իրացնել իմ իրավունքը`մասնակցել նախագահական մրցապայքարին: Հայերն Ադրբեջանի պետականաստեղծ ազգերից մեկն են և լիակատար իրավունք ունեն մասնակցելու այդ երկրում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացներին՚,- նշել է նա:
Ըստ որում, Այվազյանն ընդգծել է, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը, որոնք նա պետք է ներկայացնի Ադրբեջանի ԿԸՀ, և եթե իր թեկնածությունը չգրանցվի, այդ հանգամանքը կրկին ցույց կտա ալիևյան վարչակարգի ողջ ֆաշիստական էությունը:
Իր թեկնածության գրանցման և ընտրություններին մասնակցության դեպքում Այվազյանը վստահ է, որ կստանա ընտրողների շուրջ 60%-ի աջակցությունը, և դրանք ոչ միայն փախստական հայերի ձայներն են, այլ նաև Ադրբեջանի այլ ազգային փոքրամասնությունների: ՙԱդրբեջանական իշխանությունները ոտնահարել են պետականաստեղծ ազգերից մեկի`հայերի քաղաքական և տնտեսական իրաունքները, և մեր նպատակն է`վերականգնել այդ իրավունքները՚,- նշել է նա:



