Հայաստանը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ գազի սակագինը նախկին մակարդակի վրա պահպանելու շուրջ, փետրվարի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում էլեկտրաէներգիայի և գազի սակագները փոխկապակցված են: Էլեկտրաէներգիայի սակագինը որոշվում է տարբեր գործոնների, այդ թվում`արժույթի փոխարժեքի տատանումների հիման վրա: Այդ բանակցությունների արդյունքների համաձայն միայն արտադրող ընկերությունները կարող են սակագների փոփոխության վերաբերյալ հայտեր ներկայացնել կամ չներկայացնել: ՙՏվյալ փուլում գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակն անորոշ է մնում՚,- նշել է ՀԾԿՀ ղեկավարը: Նազարյանն ընդգծել է, որ Հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագները սահմանելիս 2015 թ. համար նախատեսել է $1 դիմաց 413 դրամ փոխարժեք, սակայն այսօր այդ ցուցանիշն արդեն հավասար է $1 դիմաց 480 դրամի: Մինչդեռ յուրաքանչյուր 10 դրամ տատանումները հանգեցնում են էներգետիկ ընկերությունների համար 1,1 մլրդ դրամ վնասի: Այդպիսով, արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների հետևանքով Հայաստանի էներգետիկ համալիրն արդեն շուրջ 8 մլրդ դրամ է կորցրել:
Հիշեցնենք, որ 2014 թ. վերջին ամիսներին Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքի կտրուկ բարձրացում է դիտվել`հատելով մեկ դոլարի դիմաց 570 դրամ սահմանը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է արժեզրկվել: Մասնավորապես, դեկտեմբերի 27 –ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8,7 դրամ /ռուբլի: Բորսայում 2014 թվականին իրականացված արտարժութային գործարքների ծավալը կազմել է $744.5 մլն, ըստ որում`ծավալով ամենամսյա կտրվածքով առանձնացել է նոյեմբերը ($117 մլն): Տարվա ընթացքում բորսայական արժութային փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկել է մինչև 560 դրամ / դոլար (դեկտեմբերի 17-ին, և հենց այդ օրը փոխարժեքը բորսայում բարձրացել է 22%-ով)` դեկտեմբերի 27-ին նվազելով մինչև 470 դրամ/$1: 2015 թ. փետրվարի 20-ի տվյալներով, մանրածախ արժութային շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է միջինը 479 դրամ/$1, եվրոյի նկատմամբ` 544 դրամ/1եվրո, ռուսական ռուբլու նկատմամբ 7,8 դրամ/1 ռուբլի: