ԱՄՆ Պետդեպարտամենտը վերստին Հայաստանին կոչ է արել
վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին: Ամենօրյա ճեպազրույցում այդ դիրքորոշումը
հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին` մեկնաբանելով ԱՄՆ
պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի Երևանում արած հայտարարությունը:
«Ավելի վաղ մենք դեսպան Ուորլիքի (ԵԱՀԿ Մինսկի խմբի
ամերիկացի համանախագահ) և այլոց միջոցով համապատասխան մարմիններին թախանձագին կոչ
էինք արել Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու կալանավորներին: Կողմերը,
որպես կանոն, նախկինում եղանակներ էին գտնում կալավորներին վերադարձնելու համար`
որպես մարդասիրական ժեստ, և նման ժեստերը միշտ թուլացնում էին լարվածությունն ու
ամրապնդում վստահությունը կողմերի միջև. նա (Վիկտորիա Նուլանդը – խմբ.) հենց դա է նկատի
ունեցել», - նշել է Փսակին:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս
Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ էր արել վերադարձնել Լեռնային Ղարաբաղում
դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել լարվածության թուլացմանն ու
կողմերի միջև վստահության ստեղծմանը:
Պաշտոնական Ստեփանակերտն,
իր հերթին, անընդունելի
էր համարել ղարաբաղյան բանտում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ասելով, Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովն ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում:
Հետագայում նրանց նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն, որին ներկա են եղել թե ԶԼՄ-ների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Դատարանի վճիռը անհրաժեշտ է հարգել», - կարծում է Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի վնասազերծված երրորդ մասնակից Հասան Հասանովը հունիսի 29-ին զիված ապօրանաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: 2014 թ. դեկտեմբերի 29-ին Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի`Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: