ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած, 20-ից 32 տարեկան սփյուռքահայ երիտասարդների, ովքեր միջինը չորս ամիս շարունակ կամավորական սկզբունքով իրենց մասնագիտական հմտություններն են կիրառում մեր երկրի տարբեր համայնքներին օժանդակելու համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, կամավորներին ընդունել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հյուրերին ներկայացրել է հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձեռքբերումները, այն արժեքները, որոնցով առաջնորդվում է ընկերությունը, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընկերության կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը:
«Օգտագործեք երիտասարդ տարիքին հասանելի հնարավորությունները՝ բաց եղեք նորը տեսնելու, այն զարգացնելու և երկրի առաջխաղացմանը նպաստելու մարտահրավերի առջև: Պարզապես ձեռք մեկնեք ձեր հայրենակիցներին փոքր գործեր անելով: Այս կերպ դուք կարող եք հարստանալ հոգեպես, կյանքի փորձ ձեռք բերել և այս կերպ՝ փոխել աշխարհը: Հիշեք, որ դուք Հայաստանի դեսպաններն եք աշխարհի տարբեր երկրներում և լավագույն օրինակը՝ձեր երեխաների համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից և Կանադայից ժամանած կամավորներին:
«Դեպի Հայք» ծրագիրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, 2004 թվականից կազմակերպել է 37 երկրից ժամանած ավելի քան 1000 հայ երիտասարդների կամավորական նախաձեռնությունների մասնակցությունը Հայաստանի տարբեր մարզերում: «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան ժամանողներն անմոռանալի փորձ են ստանում իրենց հասակակիցների հետ շփման և տեղում մասնագիտական հմտությունները կիրառելով:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: