«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը միջազգային հանրությունից պահանջում է պատժամիջոցներ կիրառել ՀՀ իշխանությունների նկատմամբ` սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելու և երկրում ստեղծված իրավիճակի համար:
Ինչպես այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է կիրառի Հայաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ոտնահարման, համատարած կոռուպցիայի և չբացահայտված հանցագործությունների համար, որ 2008 թվականից ի վեր իրականացվել են սահմանադրական կարգի վերականգնման համար պայքարող քաղաքական ու հասարակական ուժերի նկատմամբ:
«Նոր Հայաստան» ճակատը նաև պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և նպաստի նրանց ազատ արձակմանը, պահանջում է կրճատել ոստիկանների թիվը և ապահովել քաղաքացիների խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը։ «Հայաստանում 18,5 հազար ոստիկանության աշխատողի առկայությունը վկայում է, որ կառավարությունը երկրի ժողովրդի վստահությունը չի վայելում և ուժով է պահում իր դիրքերը: Եվ դա տեղի է ունենում արտաքին մարտահրավերների առկայության պայմաններում, երբ Հայաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն «օկուպացնելու» համար, և այդ հարցում մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկը ՀՀ քաղաքացիների ծառայությունն է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մենք կարծում ենք, որ ոստիկանական ուժերի կրճատումը և ԼՂՀ-ում պայմանագրային համակարգի լիակատար անցումն այն անհրաժեշտ լուծումն է, որը Հայաստանին թույլ կտա խուսափել նման մեղադրանքներից և պայմաններ կստեղծի ազատ հանրահավաքների ապահովման համար: Քաղաքացիական անհնազանդությունը օրինական քաղաքական գործունեություն է: Քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանությանը պարտադրել հրաժարվել ապօրինի գործողություններից», - նշել է նա:
Ղուկասյանը նշել է, որ ճակատի անդամները քաղաքական և հասարակական ուժերին կոչ են անում միավորվել այդ պահանջների շուրջ և ակնկալում են երկրի հասարակայնության աջակցությունը: