

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հիմնավորելով իր կարծիքը`քաղաքագետը գտնում է, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի հետ կապված միջադեպից հետո երկու երկրների նախագահները խոսելու բան չունեն, առավել ևս, որ իրենք միանգամայն տարբեր հայացքներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի առնչությամբ:
Միաժամանակ Մինասյանը կասկած է հայտնել որևէ փաստաթուղթ ստորագրելու նպատակով հակամարտող կողմերի վրա միջազգային կառույցների ճնշման առկայության առնչությամբ:
Հակամարտության գոտում լարվածության պահպանումը ռացիոնալ մոտեցում է պաշտոնական Բաքվի համար, որը փորձում է լարվածությունը որպես վերջին ռեսուրս օգտագործել`ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հանրության նկատմամբ: Հետևաբար, գտնում է նա, եթե հնարավոր չէ բանակցություններ վարել հանրագումարային փաստաթղթի կամ շփման գծից դիպուկահարների հեռացման վերաբերյալ միջանկյալ փաստաթղթի շուրջ, հարց է առաջանում`ինչի՞ մասին պետք է խոսեն երկու նախագահները և ինչի՞ շուրջ պետք է ընթանա բանակցային գործընթացը: Փորձագետը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումները ֆորմալ բնույթ են կրում, քանի որ դրանք ապարդյուն են և բանակցային գործընթացի առաջմղմանը չեն նպաստում:



