Հուսանք, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությունը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի հանգեցնի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /Իսրայել/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը:
ՙԿարծում եմ, որ դա տեղի է ունենում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի անում, եթե անգամ ցանկանում է, ոչինչ չի կարող անել: Եվ միանգամայն տրամաբանական է, որ եթե հակամարտությունը կամ գործընթացը կախված է մնում ինչ-որ փուլում, այն կարող է պայթել՚,- նշել է փորձագետը:
Միաժամանակ Ցինկերը գտնում է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, և առաջիկա ընտրություններից առաջ կառավարող կուսակցությունը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է ամեն գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, այդ թվում՝ ռազմական: ՙԿարծում եմ, որ եթե մինչև նոյեմբերի 1-ի ընտրությունները որևէ խոշոր բան տեղի չունենա, լարվածություն կթուլանա: Միաժամանակ ստեղծված իրավիճակն ահազանգ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է փորձի հակամարտության որևէ լուծում գտնել: Պետք է ինչ-որ փոխզիջում գտնվի, որպեսզի երկրները գիտակցեն, որ կարելի է միմյանց ընդառաջ գնալ՚,- ընդգծել է Ցինկերը: