Հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդի զավթված շենքի տարածքում փոխհրաձգության հետևանքով վիրավորված ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամ Պավել Մանուկյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Նա ընդգծել է, որ Մանուկյանի վիճակը վատթարանում է նաև այն պատճառով, որ գիտակցության գալու առաջին իսկ օրվանից հացադուլ է հայտարարել և հրաժարվում է դեղորյաք ընդունել, մասնավորապես՝ ցավազրկող: Մինչդեռ բժիշկները Մանուկյանի վիճակը գնահատել են չափազանց ծանր, և ընդամենը մեկ օր է, ինչ անջատվել է նրա արհեստական շնչառության սարքը:
Մանուկյանը չի ընդունում իրեն վերագրված մեղադրանքները՝ հավաստելով, որ գործել է բացառապես հայրենասիրական նկատառումներով, և այժմ էլ պատրաստ է շարունակել հանուն ժողովրդի պայքարը:
Նշենք, որ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը դեռ որոշված չէ, քանի որ նա ցանկացել է անձամբ ներկա գտնվել դատական նիստին, մինչդեռ նրա վիճակն այժմ թույլ չի տալիս անել դա:
Պավել Մանուկյանը և նրա որդի Արամը վիրավորվել են հուլիսի 27-ի գիշերը փոխհրաձգության ժամանակ: Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա տեղափոխվել է դատապարտյալների հիվանադանոց: