Մի խումբ պատգամավորների առաջարկած օրինագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի սահմանամերձ համայնքների նկատմամբ հետաքրքրության նվազման: Այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով կառավարության եզրակացությունը ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած նախաձեռնության վերաբերյալ, որը նախատեսում է հարկային արտոնություններ տրամադրել այն ընկերություններին, որոնք գործունեություն են ծավալում Երևանից դուրս:
Միրումյանը նշել է, որ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և ուրիշներ առաջարկում են շահութահարկից և եկամտահարկից ազատել այն ընկերություններին, որոնք արտադրական գործունեություն են իրականացնում Երևանից 120 կմ հեռու: Գործունեության այլ տեսակների համար առաջարկվում է սահմանել 2% շրջանառության հարկ, ինչպես նաև 15% եկամտահարկ:
Փոխնախարարը հիշեցրել է, որ դեռ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ ընդունվել էր օրինագիծ, որի համաձայն, 1300 ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալել սահմանամերձ գոտիներում, լիովին ազատվում են հարկերի վճարումից: Այդ միջոցը նպատակաուղղված էր մարզերի համաչափ զարգացմանն ու տնտեսական գործունեության զարգացմանը սահմանամերձ գյուղական համայնքներում: Իսկ պատգամավորների ներկայացրած փաստաթղթերը, փաստորեն, կրկնօրինակում են արդեն ընդունված օրենքը: Ավելին, պատգամավորների փաթեթի ընդունումից հետո ձեռներեցները կսկսեն իրենց գործունեությունը սահմանամերձ շրջաններից տեղափոխել Երևանին ավելի մոտ: Ելնելով դրանից` կառավարությունն աննպատակահարմար է գտնում մի շարք պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը: