Հայաստանի իշխանությունները չեն վախենում սահմանադրական բարեփոխումների դեմ նախաձեռնված շարժումներից: Սեպտեմբերի 1-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Նրա ասելով, կառավարող ռեժիմին ավելի մտահոգում է բարեփոխումներ անցկացնելու ցանկության բացակայությունը` քան ընդդիմության նախաձեռնած շարժումը: «Հասարակությունն արդեն գիտակցել է, թե ինչ բան է ընդդիմությունը, իսկ այժմ պետք է գիտակցի, թե ինչ են իրենից ներկայացնում այդ շարժումներն ու «ոչ» բացականչությունները», - հայտարարել է խոսնակը:
Նա նշել է, որ բարեփոխումներից հետո կլինի համախմբման և կայուն մեծամասնություն ձևավորելու անհրաժեշտություն: Նրա ասելով, որքան երկար են ընթանում քննարկումները, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ մեծամասնության անհրաժեշտությունը: «Վենետիկի հանձնաժողովը նույնպես կմտածի, և այստեղ քննարկումների ժամանակ, ինձ թվում է, մենք կհանգենք համաձայնության», - նշել է Սահակյանը:
Ավելի վաղ «Չեք անցկացնի» շարժումը հայտարարել էր, թե մտադիր է անցկացնել մեծ համաժողով քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների հակառակորդների հետագա գործողությունները: Նախաձեռնությունը նաև մտադիր է հանրահավաքներ անցկացնել մարզերում, որոնց ընթացքում կներկայացվեն առաջարկված նախագծում քողարկված սպառնալիքները:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն օգոստոսի 20-ին հաստատել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը` կից հիմնավորումներով, և ներկայացրել Հայաստանի նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը բարեփոխումների նախագիծն ուղարկել է խորհրդարան: Նախագահը ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ազատ դեմոկրատների», Քրիստոնեադեմոկրատական միության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված դիրքորոշումների շուրջ: Հրավերը մերժել են ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: