


Հայտնի հայ ձեռներեց, Sberbank CIB–ի համաղեկավար, Սկոլկովո բիզնես դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը ՙՍոբչակ ժիվյոմ՚ ծրագրի ընթացքում հերքել է Հայաստանի նախագահ դառնալու իր ցանկության վերաբերյալ տեղեկատվությունը:
Գործարարը, մասնավորապես, հայտարարել է, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ ՙԵս շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի` օգնում եմ իմ փոքր հայրենիքին, որոշ նախագծեր եմ իրագործում։ Բայց կարծում եմ, որ հաջողակ եմ այնտեղ, որտեղ անում եմ այն, ինչ կարողանում եմ անել՚,– նշել է Վարդանյանը, հավելելով, որ Հայաստանն ունի իր խնդիրները` որպես կառավարման կլանային շատ կոշտ սկզբունքով միաազգ պետություն։ ՙԵս շատ լավ հարաբերություններ ունեմ Հայաստանի իշխանությունների հետ: Կարծում եմ, որ ես վատ քաղաքական գործիչ ու վատ ղեկավար եմ, չունեմ այն որակները, որոնք ինձ թույլ կտան լավ քաղաքական գործիչ լինել, հատկապես մի երկրում, որտեղ վարվեցողության մշակույթը և հոգեկերտվածքը տարբերվում են նրանից, որի պայմաններում ես մեծացել եմ՚, – պարզաբանել է նա։ Վարդանյանը նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե Հայաստանի իշխանությունները ձգտում են իրեն հեռու պահել քաղաքականությունից:
Ռուբեն Վարդանյանը հայազգի ռուսաստանաբնակ գործարար է, ում կարողությունը, ըստ Forbes–ի, կազմում է մոտ 0.5 մլրդ դոլար։ ՙՌուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և բարեկամներ՚ բարեգործական հիմնադրամն զբաղվում է ակտիվ գործունեությամբ Հայաստանում։ Հիմնադրամը 20 մլն դոլար է հատկացրել ՙՏաթևի վերածնման՚` 45 մլն դոլար ընդհանուր արժողության նախագծին, ինչպես նաև համաֆինանսավորում է Դիլիջանի միջազգային դպրոցի 120 մլն դոլար արժողությամբ շինարարությունը։



